Ըստ ուսուցիչների՝ հայրենասիրության գաղափարը դասարանում երկակի դեր է խաղում։ Մի կողմից նրանք կարծում են, որ սովորողների մոտ պետք է հայրենասիրություն զարգացնել, և մյուս կողմից էլ գտնում են, որ հայրենասիրության շնորհիվ սովորողներն ավելի են հետաքրքրվում պատմությամբ։ Այսպես, ուսուցիչները պնդում են, որ 2020 թվականի արցախյան պատերազմը նպաստել է պատմության շուրջ հետաքրքրության աճին։ «Սովորողներն էլ են հասկանում, որ ավելի շատ բան պիտի իմանան», - ասում է Անին, ով ուսուցիչ է Երևանում։ Նա հավելում է, որ պատերազմն ազդել է իր դասավանդման մոտեցումների վրա։ Ամուսինը մասնակցել է 2020 թվականի պատերազմին, և այժմ Անին ավելի կոշտ մեթոդաբանություն է որդեգրել։ «Մենք անցանք այդ ամենի միջով՝ բոլոր ցավերի ու տառապանքների միջով», - ասում է նա՝ հավելելով, որ սովորողներին պիտի պարտադրել պատմություն իմանալ։ «Շատ կարևոր է նաև համաշխարհային պատմություն սովորեցնել, համեմատել մերն ու համաշխարհայինը, սեփական երկրի հանդեպ պատասխանատվության զգացում ձևավորել, որպեսզի չկորչենք պատմության հորձանուտում», - նշում է Անին՝ մանրամասնելով, որ այս մոտեցումը կօգնի սովորողներին ձևավորել ազգային ինքության գիտակցություն և չասել. «Ես ծրագրավորող եմ դառնալու. ինչի՞ս է պետք պատմությունը»։
Ինչպես երևում է՝ երկխոսության ողջ ընթացքում, բացի պետականաշինության և քննադատական մտածողության զարգացման գաղափարներից, կարմիր թելի պես ձգվում է այն միտքը, թե ինչպես է պատմությունն ազդում ուսանողների վրա ներկայում և ինչպես կարող է ազդել նրանց գործողությունների վրա։ Վերը բերված Անիի օրինակը ենթադրում է, որ երբ մարդիկ անմիջական կապ ունեն պատմական իրադարձությունների հետ՝ կլինի դա անձնական փորձի, թե հարազատների փորձառության միջոցով, այդ իրադարձությունների նկատմամբ հուզական արձագանքը կարող է վերափոխել պատմության նշանակության նրանց ընկալումը։
Որպես եզրափակում՝ նշենք, որ պատմության ուսուցման վերաբերյալ այս երկխոսությունն առնչվում է մանկավարժական մոտեցումների ներկայիս շարունա¬կական փոխակերպմանը և դրանց հնարավոր ազդեցությանը հասարակության վրա։ Չնայած բոլոր մասնակիցներն էլ նշում են դպրոցներում պատմության ուսուցումն ավելի քննադատական և հետաքրքրաշարժ դարձնելու անհրաժեշտության մասին, անգիր անելու մոտեցման փոխակերպումը կատարվում է դանդաղ ու աստիճանաբար։ Մասնակիցները կարծում են, որ պատմությունը ոչ թե սոսկական փաստերի շարադրում է, այլ կենդանի երկխոսություն անցյալի ու ներկայի միջև, որ պահանջում է քննադատական մտածողություն։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս դիսկուրսի ներսում կար որոշակի լարվածություն, քանի որ մասնակիցներից ոմանք (հիմնականում ուսուցիչները) պատմության ուսուցմանը հատուկ բարոյական դեր էին հատկացնում՝ կարծելով, որ այն ուրույն նշանակություն ունի պետականաշինության գործում։ Մի կողմից այսպիսի տեսակետը հավանաբար ընդգծում է հանրության ավելի լայն ակնկալիքները պատմություն առարկայից։ Մյուս կողմից այլ ուսուցիչների (ինչպես նշում էին մասնակիցները՝ հիմնականում ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների) թերագնահատանքը վկայում է բոլորովին հակառակ ակնկալիքների մասին։ Այնուամենայնիվ, քննադատական մտածողության խթանման և որպես գործիք պետականաշինությանը ծառայելու այս երկակի նպատակների միջև հավասարակշռություն պահպանելը դժվար է լինելու, անգամ եթե երկու նպատակներն էլ հավասարապես կարևոր են համարվում։
Տես նաև՝
Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։
Comments