«Բայց երբ մտածում եմ, հասկանում եմ, որ Վրաստանը մեր այն հարևանն է, որի մասին ամենաքիչը գիտենք», - ասում է Մարգարիտան՝ հավելելով, որ չնայած Վրաստանի կամ Իրանի մասին մտորելը նույնչափ բացասական արձագանքներ չի առաջացնում, ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի մասին մտորելը, սակայն այդ արձագանքները միշտ չէ, որ դրական են։
Հայոց պատմությունը հաճախ դիտվում է տարածաշրջանային զարգացումներից մեկուսացված։ Օրինակ՝ երբ դասավանդում են 18-19-րդ դարերի հայոց պատմություն, գերակայություն է տրվում հայերին գաղութացրած կայսրությունների ուսումնասիրմանը՝ Օսմանյան, Ռուսական և Պարսկական՝ հետին պլան մղելով տարածաշրջանի այլ զարգացումները։ Հատկանշական է, որ չնայած Հայաստանը Ռուսաստանի հետ ուղիղ սահման չունի, Ռուսական կայսրությունը, Սովետական Միությունը և մերօրյա Ռուսաստանն անընդհատ ներկայացվում են տեղական ու տարածաշրջանային պատմության մեջ և հաճախ դպրոցներում հայտնվում են պատմության ուսուցման դասավանդման կիզակետում։
Երկխոսության մասնակից թե՛ ուսուցիչները, և թե՛ սովորողները կարծում են, որ հայոց պատմության ուսումնական ծրագիրն ընդհանուր առմամբ էական շեշտադրում է կատարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Ի հակադրություն դրան՝ Հայաստանի հարաբերությունները իր անմիջական հարևանի՝ Վրաստանի հետ, մղվում են հետին պլան։ Երկխոսության մասնակիցներից մեկը կարծում է, որ սրա պատճառը հավանաբար այն ենթադրությունն է, թե մշակութային առնչությունների շնորհիվ հայերն այսպես թե այնպես շատ բան գիտեն Վրաստանի մասին։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք ոչ միայն մշտապես առաջին պլանում են, այլև որպես կանոն, ներկայացվում են դրական ֆոնի ներքո, ինչը, ըստ ուսուցիչներից ոմանց, իրականությանը չի համապատասխանում։ «Ասվում է, թե ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես բացասական ֆոնի ներքո են ընթացել, և Ռուսաստանը նախապատվությունը տվել է մեզ։ Բայց դա ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուր երկիր գործում է իր շահերից ելնելով»,-նկատում է Հայկանուշը, ով, փորձելով բազմատեսանկյուն մոտեցում ապահովել, հաճախ իր աշակերտներին տրամադրում է այնպիսի լրացուցիչ աղբյուրներ, ինչպի¬սին են, օրինակ, Ռուսաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրու-թյունները։
Տես նաև՝
Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։
Comentarios