Հիանալի քննարկում ունեցանք անցյալ շաբաթ՝ դեկտեմբերի 12-ին։ Շուրջ 120 մասնակից հյուրընկալեցինք ԽՍՀՄ-ում ժողովրդագրության և կանանց տնտեսական մասնակցության վերաբերյալ մեր գրքի շնորհանդեսին։
Ներկայացրինք և մասնակիցներին նվիրեցինք մեր նոր գիրքը՝ «Սովորական շաբաթ. կնոջն ազատագրելու փորձ Սովետում»։
Ինչպե՞ս ենք «կիսում» տնային գործերն այսօր Հայաստանում
Կանայք ավելի շատ օրական ժամանակ են ծախսում՝ տարեցների (միջինում 0,5 ժամ), և երեխայի խնամքի (միջինում 3 ժամ, այն դեպքում երբ տղամարդիկ ծախսում են մոտ 1 ժամ), տան աշխատանքի (միջինում 3,5 ժամ, այն դեպքում երբ տղամարդիկ մոտ 1 ժամ) և ինքնակրթության վրա (միջինում 1 ժամ, տարբերությունը տղամարդկանց հետ կազմում է 0,5 ժամ)։ Այնինչ տղամարդիկ օրական ավելի շատ ժամանակ ծախսում են վճարվող աշխատանքի (միջինում 5 ժամ, այն դեպքում երբ կանայք մոտ 2,5 ժամ) և ժամանցի վրա (միջինում 5 ժամ)։
1987 թվականի խորհրդային վիճակագրության հետ համեմատած տվյալները շատ չեն փոխվել. կանայք Սովետում միջինում երեք անգամ շատ ժամանակ էին ծախսում տնային տնտեսության վրա. աշխատանքային օրերին՝ միջինում 3 ժամ, տղամարդկանց ծախսած 58 րոպեի դիմաց, հանգստյան օրերին՝ միջինում 6 ժամ տղամարդկանց երկու ժամի դիմաց։
Կինը՝ աշխատանքային ռեսու՞րս
Հայաստանում կանանց 20%-ը աշխատաշուկա է մտնում 30 տարեկանից հետո։ 24-29 տարեկանում կտրուկ մեծանում է տատանումը զբաղված կանանց ու տղամարդկանց միջև՝ երեխայի խնամքով պայմանավորված։
Կանանց առաջին երեխա ունենալու միջին տարիքը 25․9 է, առաջին ամուսնության միջին տարիքը քաղաքներում 28.5, գյուղերում` 26.8 է։ Պնդումը, որ հասարակությունը ներդնում է կանանց կրթության մեջ, սակայն գրեթե չի օգտագործում արդյունքը աշխույժ բանավեճ սկսեց կնոջը որպես ռեսուրս դիտելու («հասարակությունը գումար է ներդնում»), կնոջ կրկնակի/եռակի չվարձատրվող աշխատանքի և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ։
«Թո՜ղ խոհանոցը...»
Կնոջը կերակուր պատրաստելուց ազատագրելու և սոցիալիզմի կառուցմանը ներգրավելու համար սովետական համակարգը փորձում էր կարգավորել ի՞նչ ուտել, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ, ինչքա՞ն... հարցերը։
Սահմանվում էին ճաշացանկեր ըստ աշխատանքի բնույթի (օրինակ հյուսներին՝ 3800-4000 կալորիա, հող փորողներին՝ 4500-5000)։ Կնոջ ազատագրման միջոց էին դիտվում պահածոները, հանրային ճաշարանները, կոոպերատիվ փռերը։ Սնունդը դիտվում էր իբրև աշխատող ռեսուրսի վառելիք։ Խորհրդային համակարգը ոչ այնքան հարցանում էր տղամարդուն տան գործերում ներգրավելը, որքան փորձում կնոջ «դեր» համարվող գործերից կնոջն ազատագրելը։ Տե՜ս ավելին։
«Իսկ մայրերը սպասում են...»
Խորհրդային համակարգը կնոջը փորձում էր ազատագրել նաև նախադպրոցական կրթությունից շարունակելով պնդումը, որ երեխաների դաստիարակությունը կնոջ դերի կարևորագույն մաս է։
Այդուհանդերձ, մշտական նախադպրոցով 1986թ.-ի դրությամբ ապահովված էր ԽՍՀՄ երեխաների միջինում 57%-ը՝ շուրջ յոթանասունամյա աշխատանքի արդյունքում։ Սակայն, եթե Ռուսաստանում կամ սլավոնական այլ երկրներում մշտական նախադպրոցով ապահովված էր երեխաների 70%-ը, ապա Հայաստանում 39%-ը։ Այս ցուցանիշը կայսրության գաղութային բնույթի մեկ օրինակ է։ Խորհրդային արևելքում, որի մաս էր Հայաստանը, մանկապարտեզով երեխաների ապահովումը չէր անցնում 50%-ը, ի համեմատ կայսրության առավել զարգացած հատվածների մոտ 60-70 տոկոսի։
Պետական ֆեմինիզմը ԼՂԻՄ-ում...
Խորհրդային համակարգը ձգտում էր փոխել Արևելքի կնոջ կերպարը ենթադրելով, որ կվերափոխի Արևելքը։ Ղարաբաղի գյուղացի կանայք սոցիալական տարբեր վերելակների հասանելիության հնարավորություն ստացան (մասնագիտացման, քաղաքական քվոտաների ինչպես և այժմ Հայաստանում...):
Այնուամենայնիվ, պետք չէ գերագնահատել ԽՍՀՄ-ում գենդերային հավասարության մակարդակը: Համայնքային նահապետ-հորը փոխարինեց մենաշնորհ ունեցող նահապետ-պետությունը։ Տե՜ս ավելին։
Նոր սովետական կնոջ ստեղծումը...
Կանանց ամսագրերի պատմվածքները նոր խորհրդային կնոջ ստեղծման կարևոր գործիքներից էին։ Դրանց ուսումնասիրումը թույլ է տալիս տարբերակել չորս պարբերաբար կրկնվող կերպար. «հերոս կին», «էմանսիպացված կին», «դժբախտ կին» և «հետամնաց կին»։
«Հերոս կինը» քաղաքից գյուղ կրթելու եկած էմանսիպացված կուսակցական կինն էր՝ համահունչ կայսրության լուսավորչական նկրտումներին։ «Էմանսիպացված կինը» նախկին հետամնաց կինն էր, ով հասու էր դարձել խորհրդային մոդելին։ «Դժբախտ կինը» հետամնաց կինն էր, ով չէր միանում կնոջ ազատագրմանը։
Ժողովրդագրությունն առանցքային դեր ունի...
Աբորտի արգելումն ու վերարտադրության քարոզը խորհրդային ժողովրդագրությունը անկումից դուրս բերելու նպատակ էին հետապնդում։
Ի հակադրություն խորհրդային ամբողջատիրական մոդելի, ՀՀ-ի ժողովրդագրության նոր ռազմավարությունը ազատական է։ Նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխա ունենալու որոշումն ամբողջությամբ կախված կլինի ծնողների կամքից եւ չի սահմանափակի (խմբ. կնոջ) կրթության, աշխատանքի և մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունները կորցնելու վտանգներով, քանիոր ընտանիքի ստեղծման և կայացման բոլոր փուլերում կլինի պետական համակողմանի աջակցություն և ոչ պարտադրանք։
Ինչու՞ են թիրախավորում կնոջը
Ինչու՞ են ազատագրման քաղաքականությունները հատկապես թիրախավորում կնոջը։ Խորհրդային համակարգը աբորտի արգելմամբ և վերարտադրության քարոզչությամբ տարածում էր իր ամբողջատիրական քաղաքականությունը նաև կնոջ մարմնի վրա։
Այդ իմաստով շատ բան չի փոխվել։ Պետությունները շարունակում են թիրախավորել կնոջ մարմինն ու վերարտադրողական իրավունքը։ Հավանաբար հարկ է նշել երկու օրինակ ժողովրդավարական երկրների ակումբից։ ԱՄՆում չեղարկվեց Ռոեն ընդդեմ Վեյդի դատական վճիռը, իսկ Ֆրանսիան աբորտի իրավունքը ամրագրեց սահմանադրությամբ։
«Սովորական շաբաթ. կնոջն ազատագրելու փորձ Սովետում»
«Սովորական շաբաթը» կրթական պատկերապատում է։ Այն քննական մոտեցմամբ ներկայացնում է կնոջը տնտեսապես ազատագրելու սովետական փորձը. դրա հեղափոխական նպատակներից մինչ փակուղի։ Գրքի առանցքում սովետական երիտասարդ քաղաքաբնակ կնոջ մեկ շաբաթվա պատմությունն է։ Գիրքը ներառում է վիճակագրական տվյալների 15 աղյուսակ, ամսագրային 20–ից ավել հոդված, պատմական ակնակարկ և ակտիվ մտածողության հարցաթերթ։ Գիրքը նախատեսված է խորհրդային անցյալի քննական ուսուցման համար։
Commenti