«Այո՛, նրանց հետ կարելի է չեզոք լինել, բայց ես չեմ կարող նրանց ասել՝ «եկեք միասին սուրճ խմենք»»։ Ինչպես և երկխոսության մյուս մասնակիցները՝ Լիաննան գրեթե անհնար է համարում բարեկամական հարաբերու¬թյուններ ունենալ՝ ծանր անցյալի և ներկա պատմական նշանակության իրադարձությունների պատճառով։ «Կոլեկտիվ հիշողությունը, իմ զգացմունքները, ցավը՝ այս ամենը անհնար է մոռանալ», - ասում է նա։
Սահմանների հաճախակի փոփոխությունները, կրկնվող պատերազմները, դարեր շարունակ անկախ պետականություն չունենալու փաստը և անվտանգության ներկայիս սպառնալիքները, կարծես, միայն ավելի են ամրապնդում առկա մտահոգությունները և խոչընդոտում հարևանների հետ երկարաժամկետ լավ հարաբերություններ ունենալու հնարավորությանը։ Հատկանշական է, որ հարևան պետությունների հարցը քննարկելիս երկխոսության մասնակիցների մեծ մասը մեխանիկորեն մտածում է Ադրբեջանի և Թուրքիայի մասին, բայց ոչ Իրանի ու Վրաստանի։ Ավելին՝ մի հետաքրքիր երևույթ է կարելի նկատել. առանց հստակ բարձրաձայնելու «Ադրբեջան» կամ «Թուրքիա» անունները՝ մասնակիցները գիտեն՝ որ երկրի մասին են խոսում։
Չնայած Հայաստանի անցյալն ու ներկան մեծապես ձևավորվել են հարևանների հետ ունեցած հարաբերություններով՝ կարծես կա մեկուսացման զգացում, որտեղ պատմական իրադարձությունները կտրված են միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային համատեքստից։ Օրինակ՝ Մարգարիտան, ով ուսանող է Երևանում, նկատում է, որ հայաստացիների մեծ մասը բավարար չափով չգիտի, թե ինչ է կատարվում այլ երկրներում, և դա պայմանավորում է այն փաստով, որ «երկրի բնակչության 95%-ը էթնիկ հայեր են»։ «Երբեմն ինքս ինձ մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, եթե Հայաստանը կղզի լիներ։ Բայց քանի որ աշխարհագրորեն դա անհնար է, մենք, երևի, այդ մեկուսացումը ստեղծել ենք մեր գլխում», - ասում է Մարգարիտան՝ նշելով, որ օգտակար կլիներ, եթե որպես պետական ուսումնական ծրագրի մաս անդրադարձ կատարվեր տարածաշրջանի պատմության համապարփակ լուսաբանմանը։ «Ես կուզենայի ուսումնասիրել տարածաշրջանի պատմությունը, տեսնել՝ ինչ զուգահեռներ կան տա¬րածաշրջանում և ինչպես ենք դրանք առաջացել, որպեսզի հասկանալի դառնար՝ ինչ¬պես կարող են դրանք ծառայել մեր շահերին», - ասում է նա։ Տարածաշրջանային մտածողության կարևորությունն էլ ավելի է ընդգծվում այն փաստով, որ մի հարևանի հետ կապված հարցը կարող է խնդիր դառնալ նաև մյուսի համար։ «Օրինակ՝ եթե հայ-ադրբեջանական սահմանը սահմանագծված չէ, դա խնդիր է նաև Իրանի համար, որովհետև տարածաշրջանում սահմանները փոխվում են», - ասում է ուսուցիչներից Հայկանուշը։
Հայոց պատմությունը և համաշխարհային պատմությունը դպրոցներում դասավանդվում են որպես առանձին առարկաներ։ Այն ուսումնական ծրագիրը և դասագրքերը, որոնցով առաջնորդվում են ուսուցիչները, չեն նպաստում, որպեսզի աշակերտներն ավելի լավ հասկանան պատմական կոնկրետ դրվագը կամ ժամանակաշրջանը միաժամանակ թե՛ տեղական, թե՛ համաշխարհային մակարդակում։ Այնպես որ հաճախ սովորողները տեղական պատմությունն ուսումնասիրում են համաշխարհայինից, նույնիսկ նաև տարածաշրջանայինից անկախ, ինչը կարող է հանգեցնել շատ մասնակի ըմբռնման այն գործոնների, որ ազդել են տեղական իրադարձությունների վրա։ Արդյունքում սովորողները վերլուծում են այն տեղեկությունները միայն, որ հիմնված են տեղական գիտելիքների վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է պատմության խեղաթյուրված պատկերացմանը, և, որպես հետևանք, ներկա իրադարձությունների խեղաթյուրված վերլուծությանը։
Տես նաև՝
Այս հոդվածը գրվել է ուսուցիչների և սովորողների միջև կայացած երկխոսության հիման վրա՝ «Միջսերնդային երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որ իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմադրամը»՝ համագործակցելով «Ֆրիդրիխ Նաումանի հիմադրամի» հետ։ Անձի ինքնության գաղտնիությունը պաշտպանելու նպատակով երկխոսության մասնակիցների իրական անունները փոփոխվել են։
Comments